Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտված նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը։
Ըստ ՔԿ-ի՝ 2026 թվականի մայիսի 27-ին, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Ղուկասյանը փորձել է պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հրաժարվել է կատարել ուղեկցող ոստիկանի օրինական պահանջը՝ տեղափոխվել դատարանի կալանավորված անձանց համար նախատեսված խուց։ Հաղորդագրության համաձայն՝ երբ ոստիկանը փորձել է ուղեկցել նրան, Ղուկասյանը ֆիզիկական ներգործություն է գործադրել նրա նկատմամբ՝ խոչընդոտելով ծառայողական պարտականությունների կատարմանը։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ հունիսի 25-ին հսկող դատախազը քննիչի միջնորդության հիման վրա Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում․ Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։