ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը և ձևավորել նոր վարչական միավորներ։ Այս մասին Obyektive.am-ը տեղեկանում է e-draft.am հարթակում հրապարակված նախագծից։
2016 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է համայնքների միավորման 96 ծրագիր, որի արդյունքում 908 համայնքների միավորման հետևանքով ձևավորվել է 63 համայնք։ Նախագծի ընդունման դեպքում համայնքների թիվը կկրճատվի՝ դառնալով 61։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ համայնքների խոշորացման գործընթացը հիմնականում իրականացվել է «փնջային» և «շրջանային» մոդելներով։ Վերջին տարիների քննարկումների և վերլուծությունների արդյունքում առավել արդյունավետ է գնահատվել «շրջանային» մոդելը։
Նշվում է, որ խոշորացված համայնքներում հնարավոր է դարձել բարձրացնել կառավարման արդյունավետությունը, օպտիմալացնել վարչական ծախսերը, ներգրավել ավելի որակավորված կադրեր և խթանել ներդրումային միջավայրի զարգացումը։ Բացի այդ, խոշոր համայնքներում ընդլայնվել են ենթակառուցվածքային և սուբվենցիոն ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Նախագծով նախատեսվում է ձևավորել երկու խոշոր համայնքային փնջեր՝
- Արարատի մարզում՝ Արարատ և Վեդի համայնքների միավորմամբ,
- Լոռու մարզում՝ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ։
Միավորման արդյունքում կձևավորվի 2 նոր համայնք՝ ընդհանուր 54 բնակավայրերով։
Նախագծի համաձայն՝ նախատեսվում են նաև համապատասխան փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որոնցով կսահմանվի միավորված համայնքների ավագանու ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոխանցման կարգը։
Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո սահմանված ժամկետներում կդադարեցվեն գործող համայնքային մարմինների լիազորությունները, իսկ նոր ձևավորված ավագանիները կստանձնեն իրենց լիազորությունները։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունները չեն հանգեցնի պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման և բխում են կառավարության 2021–2026 թվականների ծրագրից։
