Տուգանքները կարող են կրճատվել մինչև 50%․ ինչ համակարգ է գործարկվել

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսի 1-ից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է roadpolice.am կայքում ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը, ինչից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կուղարկվի էլեկտրոնային փոստին՝ արդեն 20 տոկոս նվազեցված տուգանքով։ Հիշեցնենք՝ համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։

Գործարկման պահից՝ 2024 թվականի մայիսի 1-ից, մինչև 2026 թվականի հունիսի 23-ը համակարգում գրանցվել և 20 տոկոս զեղչից օգտվելու հնարավորություն է ստացել 150 849 անձ։

Մեկ այլ իրավակարգավորմամբ՝ 2024 թվականի ապրիլի 1-ից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում քաղաքացին օգտվում է լրացուցիչ 30 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։

2024 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի հունիսի 23-ը 30 տոկոս նվազ վճարման հնարավորություն է ստացել 638 815 անձ։

Հարգելի՛ քաղաքացիներ, roadpolice.am համակարգում ակտիվացրե՛ք էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման համակարգը և վճարեք ավելի նվազ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։