Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին անցկացվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովների նիստերը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ընտրությունն իրականացվել է երկփուլ ընթացակարգով։ Առաջին փուլում ուսումնասիրվել են ներկայացված դիմումները և ընտրվել պահանջներին համապատասխանող թեկնածուները, իսկ երկրորդ փուլում նրանց հետ անցկացվել են հարցազրույցներ։
Հանձնաժողովի անդամները նախ ուսումնասիրել են թեկնածուների փաստաթղթերը, ապա լսել նրանց ոլորտի զարգացման, կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ տեսլականները և մասնագիտական փորձառությունը։ Հարցազրույցներից հետո անցկացվել է քվեարկություն, որի արդյունքներով ընտրվել են հաղթողները։
Հոգաբարձուների խորհրդի անդամներ են ընտրվել Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շանթ Շեխերդիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թումաս Պալուն և «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը։
Հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել «Բերեկկե բանկ Ղազախստանի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանի համար կարևոր և շրջադարձային բարեփոխում է, իսկ ընտրված կառավարման մարմինները պետք է ապահովեն հիմնադրամի արդյունավետ գործունեությունն ու համակարգի զարգացումը։ Նա ընդգծել է, որ հաջողության համար առանցքային նշանակություն ունեն նաև շահառուների արձագանքներն ու բժշկական հանրության մասնակցությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովի անդամներին և հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանին՝ կատարած աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ առկա ներուժը թույլ կտա հաջողությամբ շարունակել համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը և ընդլայնումը։
