Մերիլին Մոնրոյի մահը կարող էր սպանություն լինել. նոր մանրամասներ են հրապարակվել

TMZ պորտալը հրապարակել է նոր տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում Մերիլին Մոնրոյի մահվան պաշտոնական վարկածը։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ դերասանուհին ինքնասպանություն չի գործել, այլ սպանության զոհ է դարձել։

Հրապարակման համաձայն՝ հիմնական կասկածյալները շարունակում են համարվել Քենեդի եղբայրները։ Նշվում է, որ մահվան վայրում հայտնաբերված որոշ մանրամասներ նախկինում չեն հրապարակվել։

Փորձագետների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ մահճակալի սպիտակեղենը եղել է «կասկածելիորեն մաքուր», իսկ դեղահաբերի սրվակները դասավորված են եղել չափազանց կոկիկ՝ պիտակներով դեպի դուրս։ Նրանց կարծիքով՝ նման պատկերն անսովոր է դեղերի գերդոզավորումից մահվան դեպքերի համար։

«Ոչ ոք ինքնասպանություն չի բեմադրում այնպես, որ այն ավելի համոզիչ թվա»,– նշել է նախկին քննիչներից մեկը։

TMZ-ի գործադիր պրոդյուսեր Հարվի Լևինը կարծում է, որ աստղի մահվան հանգամանքները կարող են «շատ ավելի մռայլ լինել, քան թվում է»։ Նա ուշադրություն է հրավիրում նաև Մոնրոյի վերջին հեռախոսազրույցներից մեկի վրա, որի ընթացքում դերասանուհին պատմել է Ռոբերտ Քենեդիի հետ ունեցած վիճաբանության մասին և հայտարարել, որ գիտի Քենեդիների ընտանիքի բազմաթիվ «վտանգավոր գաղտնիքներ»։

Ըստ հրապարակման՝ ձայնագրության մեջ Մոնրոն ասում է. «Ես շատ գաղտնիքներ գիտեմ Քենեդիների ընտանիքի մասին։ Վտանգավոր գաղտնիքներ»՝ հավելելով, որ դրանք մի օր «կցնցեն ամբողջ աշխարհը»։

Նյութում ներկայացված վարկածներն ու ենթադրությունները պաշտոնապես չեն հաստատվել, իսկ Մերիլին Մոնրոյի մահվան պաշտոնական պատճառը շարունակում է մնալ 1962 թվականին արձանագրված հավանական ինքնասպանությունը՝ թմրանյութերի գերդոզավորման հետևանքով։