ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը՝ շրջանառության մեջ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀԷՑ-ը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում՝ ապահովելով բնակչության, առողջապահական հաստատությունների, կրթական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի, կապի միջոցների և տնտեսության բնականոն գործունեությունը։ Փաստաթղթում նշվում է, որ էլեկտրամատակարարման խափանումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ազգային անվտանգության, առողջապահության և հասարակական կայունության վրա։

Հիմնավորման մեջ ընդգծվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտը բնական մենաշնորհ է և գտնվում է պետական հատուկ վերահսկողության ներքո՝ սպառողների իրավունքների, էներգետիկ անվտանգության և ծառայությունների անընդհատության ապահովման նպատակով։

Նախագծում նաև հիշատակվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնությունը՝ նշելով, որ իրավասու մարմինը գնահատել է հնարավոր խախտումներն ու ռիսկերը որպես հանրային շահին առնչվող հանգամանքներ։

Փաստաթղթի համաձայն՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել սոցիալական, տնտեսական և անվտանգային լայնածավալ հետևանքների։ Այդ պատճառով, նախագծի հեղինակների համոզմամբ, պետությունն ունի սահմանադրաիրավական պարտականություն միջամտելու, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։

Որպես ակնկալվող արդյունք՝ նախագծով նախատեսվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։