Արտերկրում սովորողներին նոր հնարավորություն. կառավարությունը փոխում է զինծառայության տարկետման կարգը

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Obyektive.am-ը նախագիծն ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am հարթակում։

Նախագծով առաջարկվում է արտերկրում կրթություն ստացող և օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար փոխել զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը։ Սակայն մի շարք արտասահմանյան բուհերում ուսման կազմակերպման առանձնահատկությունների, ինչպես նաև որոշ մասնագիտությունների և գիտահետազոտական ծրագրերի տևողության պատճառով ուսանողները հաճախ չեն հասցնում ավարտել ուսումնառությունը մինչև այդ տարիքը։

Այդ պատճառով առաջարկվում է նշված քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու առավելագույն տարիքային շեմը 27-ի փոխարեն սահմանել 32 տարի։ Փոփոխության նպատակն է հնարավորություն տալ նրանց ուսումն ավարտելուց հետո օգտվել գործող կարգավորումից, որը նախատեսում է առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտներում աշխատելու հիմքով տարկետում։

Նախագծում նշվում է, որ 32 տարվա շեմը ընտրվել է՝ հաշվի առնելով, որ ասպիրանտական կրթական ծրագրերով սովորողները հիմնականում ուսումն ավարտում են 27–28 տարեկանում, իսկ գործող կարգավորումից օգտվելու համար անհրաժեշտ է, որ նրանք զորակոչի ենթակա մնան առնվազն ևս երեք տարի։

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը բխում է Հայաստանի մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունից և ուղղված է կրթված ու կարողունակ մարդկային ներուժի զարգացմանը։