Հայաստանը շարունակելու է ակտիվ աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում, քանի որ պաշտոնական Երևանը չի համարում, որ կառույցում անշրջելի գործընթացներ են տեղի ունեցել։ Այս մասին կառավարության հունիսի 25-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն հիմնված է աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի սկզբունքների վրա, և եթե այդ հիմնարար դրույթները չեն գործում, ապա հարցականի տակ է դրվում հենց միության գոյությունը։
«Մենք համարում ենք, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և ստեղծվել է տպավորություն, թե ԵԱՏՄ-ն չկա։ Բայց եթե ԵԱՏՄ-ն հայտարարի, որ այլևս գոյություն չունի, ապա մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք կանք, ԵԱՏՄ-ի անդամ ենք և շարունակում ենք աշխատել այդ ձևաչափում։ Հիմա ԵԱՏՄ-ն պետք է պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ առաջիկայում ԵԱՏՄ հարթակում նախաձեռնելու է քննարկումներ՝ կապված Հայաստանի նկատմամբ ընդունված որոշումների և դրանց հետևանքների հետ։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է մտահոգիչ լինել նաև միության մյուս անդամ երկրների համար, քանի որ նման քայլերը կարող են ընկալվել որպես ռիսկ ամբողջ ինտեգրացիոն համակարգի համար։
Փաշինյանը նաև անդրադարձավ իր բացակայությամբ ընդունված հայտարարությանը՝ նշելով, որ գործընկերներից պարզաբանումներ ունի ակնկալելու։
«Պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր կարո՞ղ է ցանկացած այլ երկրի նկատմամբ նման որոշումներ կայացնել, և մի օր պարզապես արթնանալով՝ դրանք կիրառել։ Եթե այս հարցի պատասխանը «այո» է, ապա դա, իմ գնահատմամբ, նշանակում է, որ ԵԱՏՄ-ն ինքնալուծարման ճանապարհին է, և մենք պետք է համապատասխան հետևություններ անենք»,– ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, որպեսզի անդամ պետությունները կարողանան համապատասխանաբար կողմնորոշվել իրենց հետագա քայլերում։
