Կառավարությունը սահմանում է ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

Գործադիր մարմինը վաղը՝ հունիսի 4-ին կքննարկի 2026 թվականի ամառային զորակոչի անցկացման մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը կազմակերպել պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչը։

Նախագծի համաձայն՝ նույն ժամանակահատվածում կշարունակվի նաև բանակի համալրման գործընթացը, իսկ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Կարդացեք նաև`

Կառավարության որոշմամբ կձևավորվեն հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, որոնք պատասխանատու կլինեն զորակոչի կազմակերպման և անցկացման համար։ Միաժամանակ, օրենքի պահանջներին համապատասխան, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հետ համատեղ կիրականացվի նաև այլընտրանքային ծառայության զորակոչն ու պահեստ արձակումը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի առաջացնի պետական բյուջեի համար։ Այն նաև բխում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրից և ուղղված է Զինված ուժերի անձնակազմի համալրման ու մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծմանը։