Ավազակային հարձակում Արարատի ոսկու խանութի վրա․ ձերբակալվել է 4 անձ

Հունիսի 2-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղում գործող ոսկյա զարդերի վաճառասրահում փորձ է կատարվել հափշտակություն իրականացնել՝ վաճառողի դեմքին արցունքաբեր գազ փչելով։

Վաճառասրահի սեփականատիրոջ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ հարձակումը կազմակերպել են Երևանի բնակիչներ՝ 39 և 37 տարեկան, Տավուշի մարզի Չորաթան գյուղի 21-ամյա բնակիչը և Մասիսի 32-ամյա բնակիչը։ Սակայն նրանց չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը՝ վաճառասրահի սեփականատիրոջ դիմադրության պատճառով։

Հետագա միջոցառումների արդյունքում բոլոր չորս կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են։ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 20 հազար դրամ անվանական արժեքով չորս հուշանվեր-թղթադրամ, գաղտնի փականով ծալովի դանակ և թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված։

Ձերբակալվածները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է։