Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է փոխանցվել քրեական գործ, որով պարտադիր ժամկետային զինծառայողը մեղադրվում է նույն զորամասի մեկ այլ զինծառայողի կյանքից ապօրինաբար զրկելու մեջ։
Գործը դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Կարեն Հակոբյանին։ Տեղեկությունը հայտնի է դարձել Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ մեղադրանք առաջադրված Տ. Մ.-ն ծառայելիս է եղել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ըստ մեղադրանքի՝ 2026 թվականի փետրվարի 26-ին գումարտակի շարահրապարակում անցկացվող շարային ստուգատեսի ընթացքում նույն վաշտի ժամկետային զինծառայող Ն. Հ.-ն նրան նկատողություն է արել և վիրավորական, սեռական բնույթի արտահայտություններ հնչեցրել։
Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Տ. Մ.-ն մտել է թիվ 3 զորանոց, վերցրել մեկ այլ զինծառայողի ամրակցված «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգն ու առնվազն 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփը։
Նախաքննական մարմնի ներկայացրած տվյալներով՝ զինծառայողը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 17 կրակոց է արձակել Ն. Հ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով մահ։
Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Նշենք, որ մեղադրանք առաջադրված անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով և չի հաստատվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ժամկետային զինծառայողի նկատմամբ համածառայողին սպանելու մեղադրանքով գործը դատարան է ուղարկվել
