«Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։
Ինչպես հայտնում է Օբյեկտիվ․am-ը, նախաձեռնության մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ գործընթացը տեղափոխվել է պետական մարմինների քննարկման դաշտ։
«Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյոք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը»,- գրել է նա։
Ավելի վաղ Հանրապետություն կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանը «Չիբուխչյան լայվ» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։
Նրա խոսքով՝ օրենքով նախատեսված հիմքերից են ընտրակաշառքի, արտաքին ուղղորդման և այլ խախտումների հնարավոր դեպքերը, որոնց վերաբերյալ, ըստ Սարգսյանի, հրապարակումներ են եղել նաև հակակոռուպցիոն մարմինների կողմից։
Սարգսյանը նշել էր նաև, որ դիմումը հիմնավորվելու է Հակակոռուպցիոն կոմիտե-ի հրապարակումներով՝ ընդգծելով, որ վերջինս պետական մարմին է և դրա տվյալները կարող են հիմք ծառայել իրավական գործընթացի համար։
