Գործատուներին կտրամադրվի հարկային արտոնություն՝ սոցիալապես խոցելի խմբերի աշխատանքի համար

Կառավարությունը հաստատել է հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների զբաղվածության ապահովման նոր ծրագիրը։

Ծրագրի նպատակն է մեծացնել աշխատանքի հնարավորությունները 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձանց և 63+ տարիքային խմբի քաղաքացիների համար՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում և ապահովելով կայուն զբաղվածություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3–6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքեն նշված խմբերի քաղաքացիների հետ։ Աշխատանքը կարող է իրականացվել նաև ոչ լրիվ աշխատաժամանակով։

Պետությունը գործատուներին կտրամադրի եկամտային հարկի փոխհատուցում՝ փուլային տրամաբանությամբ․

  • առաջին 3 ամիսների ընթացքում՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 25,000 դրամ ամսական,
  • 4–6-րդ ամիսներին՝ 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամ ամսական։

Եթե աշխատանքային հարաբերությունները կշարունակվեն ևս առնվազն մեկ տարի, գործատուին կտրամադրվի նաև 100,000 դրամի միանվագ աջակցություն։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2027 թվականին՝ ապահովելով շուրջ 200 շահառուի զբաղվածություն։