Գառնիում հինգ քաղաքացի մնացել էին գետի մյուս ափին․ փրկարարները նրանց անվտանգ դուրս են բերել

Հունիսի 20-ին՝ ժամը 18։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի «Քարերի սիմֆոնիա» կոչվող հատվածի մոտ հինգ քաղաքացի անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները կատարել են գետանցում և գետի մյուս ափից անվտանգ դուրս բերել բոլոր հինգ քաղաքացիներին։ Դեպքի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։