Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով նախատեսվում է այլ բնակավայրից նորակառույց ուսումնական հաստատություն հաճախող սովորողների համար սահմանել ճանապարհածախսի փոխհատուցում՝ օրական 2000 դրամի չափով։ Այս մասին հայտնում է Obyektive.am-ը՝ հղում կատարելով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակին՝ e-draft.am-ին։
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «300-500 դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման» ծրագրի շրջանակում ստեղծվող նոր ուսումնական հաստատությունների գործունեության ապահովմամբ։ Դրանք նախատեսված են սպասարկելու մի քանի բնակավայրերի երեխաներին, ինչի արդյունքում մի շարք աշակերտներ ստիպված են ամեն օր տեղափոխվել իրենց բնակավայրից դուրս գտնվող դպրոցներ։
Գործող կարգավորումներում ներկայումս բացակայում են այն դրույթները, որոնք հնարավորություն կտան փոխհատուցել այն սովորողների փոխադրման ծախսերը, ովքեր կրթություն են ստանում իրենց բնակավայրից հեռու գտնվող հաստատություններում։
2026 թվականի հունիսի դրությամբ արդեն շահագործման է հանձնվել 29 նման ուսումնական հաստատություն, և առաջիկայում դրանց թիվը կավելանա։ Այս համատեքստում կառավարության գնահատմամբ՝ առանց փոխհատուցման մեխանիզմի կարող է առաջանալ լրացուցիչ ֆինանսական բեռ ընտանիքների համար, ինչը կազդի կրթության հասանելիության վրա։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կրթության հավասար հասանելիություն, նվազեցնել ընտանիքների ծախսերը և խթանել նոր ուսումնական հաստատությունների արդյունավետ գործունեությունը։
Փոփոխությունը դիտարկվում է նաև ՀՀ կառավարության «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին»-ի շրջանակում՝ որպես կրթության մատչելիության և որակի բարելավման ուղղությամբ իրականացվող քաղաքականության մաս։
