Համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Ըստ հաղորդագրության՝ սոցիալական մեդիայում տարածվել էր մոլորեցնող տեղեկատվություն, ըստ որի՝ տեղահանված անձինք առանց ՀՀ քաղաքացիություն ստանալու կարող էին ընդգրկվել ընտրողների ցուցակներում։ ՆԳՆ-ն նշում է, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դատական կարգով բողոքարկել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի երեք գործերով կայացված որոշումները։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է բողոքները, բեկանել դատական ակտերը և կարճել վարույթները։

Դատարանի որոշման մեջ նաև նշվում է, որ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերում կիրառելի են համապատասխան դատավարական նորմերը՝ կախված գործի ենթակայությունից և իրավական բնույթից։

ՆԳՆ-ն կրկին ընդգծում է, որ ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները և կոչ է անում չտրվել մոլորեցնող տեղեկություններին ու դրանց հիման վրա գործողություններ չձեռնարկել։