Կառավարությունը փոխել է ուսուցիչների վերապատրաստման կարգը

Օբյեկտիվ.am-ը Կառավարությունից տեղեկանում է, որ գործադիրը փոփոխություններ է կատարել ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման գործընթացը կարգավորող նախկին որոշման մեջ։
Փոփոխությունների նպատակն է ապահովել ուսուցիչների ավելի արդյունավետ և որակյալ մասնագիտական զարգացումը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանն ու հանրակրթության ոլորտի շարունակական բարելավմանը։
Նոր կարգավորմամբ հստակեցվել է վերապատրաստումների կառուցվածքը՝ ըստ մոդուլների, մակարդակների և շրջափուլերի։ Քանի որ գործող կարգում ատեստավորման փուլերն ու ժամկետները սահմանված չէին, որոշմամբ առաջարկվել է ներդնել 1-5 տարվա շրջափուլեր՝ կախված ուսուցչի մասնագիտական մակարդակից։
Միաժամանակ սահմանվել է պատասխանատվության նոր մեխանիզմ վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների համար։ Մասնավորապես, եթե որևէ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 30 տոկոսը չհաղթահարի ատեստավորումը, ապա ԿԳՄՍ նախարարությունը տվյալ կազմակերպությանը երեք տարով կզրկի այդ մոդուլի շրջանակում վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից։
Օբյեկտիվ.am-ի փոխանցմամբ՝ կառավարության գնահատմամբ այս փոփոխությունները կխթանեն վերապատրաստումների որակը և կհստակեցնեն ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի իրականացման մեխանիզմները։