ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի աջակցություն

Օբյեկտիվ.am-ը Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։Քննարկվել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ու զարգացման ծրագրերին։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստում է աջակցության նոր փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման համար։
Օբյեկտիվ.am-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք աջակցության ծրագրերը, ինչպես նաև հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման հարցերը։
Կողմերը կարևորել են բիզնես կապերի խորացումը, Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Զրույցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։