Կառավարությունը հաստատել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է բարձրագույն և հետբուհական կրթության 2026/2027 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության տեղերը։

Մագիստրատուրայի ընդունելության համար հատկացվել է 1280 տեղ, որոնցից 1058-ը՝ պետական բուհերին։ Նախատեսված է նաև պահուստային 3 տեղ, որոնք կբաշխվեն մրցույթի ընթացքում հավասար ՄՈԳ կամ ԲՏՃՄ ուղղություններով առավել բարձր արդյունք ցուցաբերած դիմորդների միջև։

Տեղերի բաշխումը կատարվել է՝ հաշվի առնելով բուհերի հայտերը, աշխատաշուկայի պահանջարկը, նախորդ տարիների ընդունելության արդյունքները, բակալավրի շրջանավարտների առաջադիմությունը, ինչպես նաև լիցենզավորված տեղերի սահմանափակումները։

Մագիստրատուրայի տեղերը ներառում են նաև ԿԳՄՍ նախարարության մասնակցությամբ իրականացվող ԵՄ «Էրազմուս+» T-GREEN «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակում մշակված կրթական ծրագրերը։

Ըստ ուղղությունների՝ 2026/2027 ուսումնական տարում բնական գիտություններին հատկացվել է 231 տեղ (19․4%), տեխնիկական գիտություններին՝ 188 տեղ (15․9%), գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ (3․4%)՝ ընդհանուր առմամբ կազմելով 38․7%։

Նոր ուսումնական տարում մագիստրատուրայի կրթական ծրագրերի ցանկը լրացվել է մի շարք նոր մասնագիտություններով, այդ թվում՝ «Բլոկչեյն և թվային արժույթներ», «Կայուն քաղաքների ճարտարագիտություն», «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում», «Ծրագրային ճարտարագիտություն», «Շրջանաձև տնտեսություն և կառավարում», «Եվրասիական հետազոտություններ» և այլ ծրագրեր։

Կառավարությունը նաև հաստատել է ասպիրանտուրայի 2026/2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերը։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է 257 տեղ՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, որոնցից 211-ը՝ առկա, 46-ը՝ հեռակա ուսուցման համար։ Եվս 35 տեղ նախատեսված է միջպետական համաձայնագրերով։

Ասպիրանտուրայի տեղերից 158-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 137 առկա և 21 հեռակա, իսկ 25-ը՝ հայագիտությանը՝ 20 առկա և 5 հեռակա։

Ըստ կառավարության՝ ասպիրանտուրայի տեղերի բաշխման հիմնական նպատակը պետության համար առաջնային ոլորտներում երիտասարդ կադրերի պատրաստումն ու գիտական ներուժի զարգացումն է, ինչպես նաև նրանց ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներում։