Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ մոտակա օրերին խորհրդարանի օրակարգ կբերվի երեք նոր օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերում են ընտրական գործընթացներին, պետական խորհրդանիշներին և պատգամավորների երդման կարգին։
Խստացվում են ընտրակաշառքի համար պատիժները
Առաջին նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները։
Սիմոնյանի խոսքով՝ նախկինում ընտրակաշառք վերցնելու համար պատիժը հասնում էր մինչև 7 տարվա ազատազրկման, իսկ տալու դեպքում՝ մինչև 8 տարվա։
Նոր փոփոխություններով առաջարկվում է՝
- ընտրակաշառք վերցնելու համար սահմանել մինչև 9 տարի ազատազրկում,
- ընտրակաշառք տալու համար՝ մինչև 10 տարի ազատազրկում։
Դրոշի տեղադրման նոր կարգ
Երկրորդ նախաձեռնությունը վերաբերում է ՀՀ պետական դրոշի տեղադրմանը բնակավայրերում։
Ըստ առաջարկվող կարգավորման՝ բնակավայրերի հիմնական մուտքերին կամ դրանցից առնվազն մեկի մոտ պարտադիր պետք է տեղադրվի ՀՀ դրոշ՝ նվազագույնը 1:2 չափով։
Փոփոխվում է պատգամավորների երդման տեքստը
Երրորդ նախաձեռնությունը վերաբերում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին։
Սիմոնյանը այն բնութագրել է որպես «պատմական փոփոխություն»՝ նշելով, որ պատգամավորների երդման տեքստը կփոխվի և կդառնա ավելի համահունչ այսօրվա իրականությանը, պետականության գաղափարին և ժողովրդի արժեքներին։
