277 դպրոց պատրաստ չէ․ կառավարությունը հետաձգում է դասարանների թվաքանակի կրճատումը

Կառավարությունը նախատեսում է փոփոխել հանրակրթական դպրոցներում դասարանների կոմպլեկտավորման կարգը՝ հրաժարվելով 2026 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր դասարաններում միաժամանակ նոր սահմանափակումներ կիրառելու մոտեցումից։

Նախագծի համաձայն՝ դասարանների առավելագույն թվաքանակի կրճատումը կիրականացվի փուլային եղանակով՝ սկսելով միայն առաջին դասարաններից։ Նոր կարգավորումը նախատեսվում է ներդնել 2027 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ հետագա տարիներին այն աստիճանաբար կտարածվի հաջորդ դասարանների վրա։

ԿԳՄՍ նախարարությունը հիմնավորում է փոփոխությունը դպրոցներում առկա տարածքային, ենթակառուցվածքային և կադրային խնդիրներով։ Ըստ ներկայացված տվյալների՝ շուրջ 277 դպրոցում ներկայում հնարավոր չէ ապահովել մեկ դասարանում առավելագույնը 26 աշակերտ ունենալու պահանջը՝ դասասենյակների, ուսուցիչների և կազմակերպչական ռեսուրսների սահմանափակության պատճառով։

Գերատեսչության գնահատմամբ՝ գործող կարգի միաժամանակյա կիրառումը կարող է հանգեցնել նոր դասարանների զանգվածային ձևավորման, ուսուցիչների պահանջարկի կտրուկ աճի, աշխատանքային ծանրաբեռնվածության անհավասարակշռության և արդեն ձևավորված դասարանների բաժանման հետևանքով սոցիալ-հոգեբանական խնդիրների։

Միաժամանակ նախարարությունը նշում է, որ դասարանների խտության նվազեցումը շարունակում է մնալ կրթության որակի բարձրացման կարևոր գործոններից մեկը։ Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոքր դասարաններում ուսուցիչները կարող են ավելի շատ անհատական ուշադրություն հատկացնել աշակերտներին, հատկապես կրթական դժվարություններ ունեցող կամ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին։

Նախագծի ընդունման դեպքում կառավարությունը նախատեսում է զուգահեռաբար իրականացնել դպրոցաշինական ծրագրեր, ընդլայնել կրթական ենթակառուցվածքները և համալրել ուսուցչական կազմը՝ հետագայում նոր չափորոշիչների ամբողջական ներդրումն ապահովելու նպատակով։