Օբյեկտիվ.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Ըստ ՔԿ-ի՝ նրանք մեղադրվում են Ա.Ա.-ին օժանդակելու, 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիների նյութապես շահագրգռելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում իրականացնելու համար։
Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25 անձ։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվում դատարան։ Մյուս մեղադրյալների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ։
Օբյեկտիվ.am-ի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում իրականացված ավելի քան 50 խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթեր և տվյալներ, որոնք, ըստ իրավապահների, վերաբերում են քաղաքացիներին գումարներ բաժանելուն, արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների կոնտակտային տվյալներին, ինչպես նաև քաղաքացիների հավաքագրմանը և կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություններին։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25-ը ձերբակալվել են
