Կապանում աղմկահարույց դեպք․ դեղնավուն ջրերի հոսքի առթիվ վարույթ է հարուցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վարչական վարույթ է հարուցել Կապան քաղաքում հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքի առթիվ, երբ հորդառատ անձրևներից հետո քաղաքի փողոցներով դեղնանարնջագույն գունավորմամբ ջրեր էին հոսում։ Այս մասին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնեցին Obyektiv.am-ին։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ վարույթը հարուցվել է համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերն ողողում են Կապանի փողոցները» տեսանյութի և հանրային մտահոգությունների հիման վրա։

Նախնական տվյալներով՝ հոսքը գրանցվել է Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ։ Դեպքի առնչությամբ իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, իսկ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով։

ԲԸՏՄ-ն տեղեկացնում է, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։