Այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի վարչական դատարանում կքննվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած հայցերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 254 և 255 Ա որոշումների դեմ։
Խոսքը վերաբերում է 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներին, որոնք ԿԸՀ-ի որոշմամբ ճանաչվել են անվավեր։
ԲՀԿ-ի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ դատական գործընթացը տեղի կունենա Գ. Նժդեհի 23 հասցեում գտնվող դատարանի շենքում, 3-րդ հարկում՝ թիվ 18 նիստերի դահլիճում։
Կուսակցությունը պնդում է, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել է մեծ թվով քվեներ։
ԲՀԿ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ այս որոշումները դիտարկում են որպես ընտրողների կամքի խախտում՝ նշելով, որ «գործընթացը չի համապատասխանում ազատ և թափանցիկ ընտրությունների սկզբունքներին» և կասկածի տակ է դնում ընտրությունների օրինականությունը։
