ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, համաձայն որոնց՝ Ռուբեն Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու ու քարոզելու վերաբերյալ հայտարարություններ։ Ըստ ՔԿ-ի՝ այդ հանգամանքը հաստատվել է նաև ստացված փորձաքննության եզրակացությամբ։
Հսկող դատախազի որոշմամբ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար։ Մեղադրանքը վերաբերում է երեք դրվագի։
ՔԿ-ն տեղեկացնում է, որ նախկին պատգամավորն արդեն ձերբակալվել է, իսկ դատարան է ներկայացվել նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
