Ծնողների համար նոր արտոնություն․ աշխատաժամանակը կկրճատվի առանց աշխատավարձի նվազման

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով ընդլայնվում է ծնողական ժամի կիրառման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ նոր կարգավորմամբ մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները, ինչպես նաև մինչև 18 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող երեխայի ծնողները, կկարողանան օգտվել աշխատաժամանակի կրճատման իրավունքից։
Ըստ փոփոխության՝ մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կարող է կրճատվել օրական 30 րոպեով՝ առանց աշխատավարձի նվազեցման։ Իսկ երեք և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան խորը կամ ծանր սահմանափակումներով երեխա խնամող ծնողները կկարողանան աշխատել օրական մեկ ժամ պակաս՝ պահպանելով ամբողջական վարձատրությունը։
Նախաձեռնության նպատակն է ծնողներին լրացուցիչ ժամանակ տրամադրել երեխաների խնամքի, դպրոց կամ մանկապարտեզ ուղեկցելու և ընտանեկան պարտականությունները ավելի արդյունավետ կազմակերպելու համար։