Կառավարությունն առաջարկում է փոփոխել ՀՀ զինանշանի և պաշտպանության մասին օրենքները

Օբյեկտիվ․am-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում։ Նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ խոսքը պետական զինանշանի տեսքի կամ բովանդակության փոփոխության մասին չէ․ նախատեսվում է ընդամենը ընդլայնել այն կառույցների շրջանակը, որոնց դրոշների վրա կարող է տեղադրվել Հայաստանի Հանրապետության զինանշանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ գործող օրենսդրությունում առկա են անհամապատասխանություններ։ Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում խոսվում է զինված ուժերի և այլ զորքերի կողմից զինանշանի օգտագործման մասին, մինչդեռ հոդվածի բովանդակությունում նշվում են միայն զինված ուժերը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը և փրկարար ծառայությունը։

Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է օրենքում «Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր» ձևակերպումը փոխարինել «այլ զորքեր» հասկացությամբ։ Այդպիսով ՀՀ զինանշանի պատկերը հնարավոր կլինի տեղադրել ոչ միայն սահմանապահ զորքերի, այլև Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումների և օրենքով նախատեսված այլ զորքերի դրոշների վրա։

Միաժամանակ փոփոխություն է նախատեսվում նաև «Պաշտպանության մասին» օրենքում։ Առաջարկվում է հստակեցնել, որ «այլ զորքեր» հասկացության ներքո ներառվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև Պետական պահպանության ծառայությունը։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունները չեն առաջացնի պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր կամ եկամուտների փոփոխություն։ Ակնկալվում է, որ դրանց ընդունմամբ երկու օրենքների դրույթները կդառնան առավել հստակ և փոխհամապատասխանեցված։