Օբյեկտիվ.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։
Կոմիտեից տեղեկացնում են, որ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում ընտրակաշառքի հնարավոր դեպքերի վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ կուսակցության գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել և տրամադրել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
