Շատերը վստահ են՝ եթե տարիներով ապրում են լքված տանը, այն մի օր դառնալու է իրենց սեփականությունը։ Սակայն իրականում օրենքը նման հնարավորություն տալիս է միայն խիստ պայմանների դեպքում։
Կարդացեք նաև
«Տունը քոնն է, եթե 10 տարի ապրել ես այնտեղ»․ սոցիալական ցանցերում տարածվող այս պնդումը մասամբ ճիշտ է, սակայն օրենքը մի շարք կարևոր պայմաններ է սահմանում։ Այս հոդվածով կբացատրենք, թե ինչ է «ձեռքբերման վաղեմությունը» և որ դեպքերում կարող է անձը հավակնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը նախատեսում է, որ որոշ դեպքերում մարդը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել այն անշարժ գույքի նկատմամբ, որին երկար տարիներ տիրապետել է որպես սեփականատեր։ Օրենքում այս կարգավորումը կոչվում է «ձեռքբերման վաղեմություն»։
Ի՞նչ է ասում օրենքը
Օրենքի համաձայն՝ եթե քաղաքացին կամ իրավաբանական անձը անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում՝
- բարեխղճորեն,
- բացահայտ,
- և անընդմեջ
տիրապետել է որպես սեփական գույք, ապա կարող է ձեռք բերել այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։
Սա նշանակում է, որ անձը պետք է իրականում օգտագործած լինի գույքը՝ չթաքցնելով դա և տարիների ընթացքում չդադարեցնելով տիրապետումը։
Ի՞նչ է նշանակում «բարեխիղճ տիրապետում»
Իրավաբանների խոսքով՝ դատարաններում կարևոր նշանակություն ունի այն, թե ինչպես է անձը տիրապետել գույքին։
Օրինակ՝ հաշվի կարող են առնվել՝
- կոմունալ վճարումները,
- տան վերանորոգումը կամ պահպանումը,
- հարևանների ցուցմունքները,
- բնակության կամ օգտագործման վերաբերյալ այլ փաստեր։
Կարելի է հաշվել նաև նախորդ տիրապետողի տարիները
Օրենքը թույլ է տալիս, որ անձը իր տիրապետման ժամկետին միացնի նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում գույքը տնօրինել է իր իրավանախորդը։
Այսինքն՝ եթե գույքը նախ օգտագործել է ընտանիքի մեկ անդամը, ապա որոշ դեպքերում այդ տարիները ևս կարող են հաշվարկվել։
Գույքը ինքնաբերաբար չի դառնում սեփականություն
Չնայած 10 տարվա պահանջին՝ սեփականության իրավունքը ավտոմատ չի առաջանում։ Օրենքը հստակ սահմանում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ծագում է միայն պետական գրանցման պահից։
Դրա համար անհրաժեշտ է՝
- դիմել դատարան,
- ստանալ սեփականության իրավունքը ճանաչող դատական ակտ,
- այն գրանցել պետական ռեգիստրում։
Ո՞ւմից կարելի է պաշտպանել գույքը
Օրենսգիրքը նաև նախատեսում է, որ մինչև սեփականության իրավունքի վերջնական ձեռքբերումը գույքը տիրապետող անձը կարող է այն պաշտպանել երրորդ անձանցից, եթե նրանք տվյալ գույքի նկատմամբ օրինական իրավունք չունեն։
Իրավաբանները նշում են, որ ձեռքբերման վաղեմության գործերով յուրաքանչյուր իրավիճակ դատարանում գնահատվում է առանձին՝ ներկայացված ապացույցների և փաստական հանգամանքների հիման վրա։
Այսպիսով, միայն 10 տարի որևէ տանը ապրելը դեռ բավարար չէ այն սեփականություն դարձնելու համար․ դատարանը պետք է գնահատի՝ արդյոք պահպանվել են օրենքով նախատեսված բոլոր պայմանները։
