Բռնագանձում Արամ Դանիելյանի գործով․ ինչ է որոշել Հակակոռուպցիոն դատարանը

Արամ Դանիելյան

Օբյեկտիվ.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին կայացրել է վճիռ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված հայցով։

Դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց։

Վճռով Հայաստանի Հանրապետության օգտին ենթակա է բռնագանձման անշարժ և շարժական գույք, այդ թվում՝ Երևան քաղաքում գտնվող երկու բնակարան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80 տոկոսը, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող երկու հողամաս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10 տոկոսը, ինչպես նաև նույն քաղաքի մեկ այլ բնակելի տան 81 տոկոսը։

Բացի այդ, բռնագանձման ենթակա է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող մեկ անշարժ գույքի 82 տոկոսը, ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50 տոկոս մասնակցությունը, ինչպես նաև «Range Rover Sport SC 4.2» և «Mercedes-Benz S550» մակնիշի տրանսպորտային միջոցները։

Դատարանը նաև որոշել է, որ երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինության դեպքում դրանց արժեքը ենթակա է փոխհատուցման՝ 25 միլիոն 18 հազար դրամի չափով։

Վճռով նախատեսվում է նաև 85 միլիոն 430 հազար դրամի բռնագանձում։