Հայաստան – Ղազախստան․ ոչ-ոքի ընկերական խաղում

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել հաշիվը, իսկ հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդմիջումից հետո։ 50-րդ րոպեին հյուրերը դուրս եկան առաջ. գոլի հեղինակ դարձավ Գրոզնիի Ախմատ ակումբի հարձակվող Մաքսիմ Սամորոդովը։

Սակայն Հայաստանի հավաքականը շատ արագ պատասխանեց։ Ընդամենը երեք րոպե անց հաշվի հավասարությունը վերականգնեց թիմի ավագ, Կրասնոդար ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը՝ 1:1։

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին Երևանում, որտեղ կընդունի Մոլդովայի ազգային հավաքականին։