Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերանայել ակցիզային հարկի դրույքաչափերը մի շարք ապրանքների համար՝ նպատակ ունենալով բարձրացնել անուղղակի հարկային բեռը, ապահովել լրացուցիչ հարկային եկամուտներ և համապատասխանեցնել դրույքաչափերը ԵՏՄ հարկային քաղաքականության շրջանակներում։
Օրինագծով նախատեսվում է նաև ակցիզային հարկի ինդեքսավորում՝ հաշվի առնելով առաջիկա տարիների կանխատեսվող գնաճը։ Ըստ առաջարկվող կարգավորումների՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանվում է 3 տոկոս ինդեքսավորման գործակից։
Փոփոխությունները վերաբերում են նաև ծխախոտային և հարակից արտադրանքին։ Մասնավորապես՝ նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկը բարձրացնել տարեկան 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ 30 տոկոսով, իսկ էլեկտրոնային ծխախոտի դեպքում առաջին տարում նախատեսվում է 100 տոկոս աճ, որին կհետևեն 25 և 20 տոկոս բարձրացումներ հաջորդ երկու տարիներին։ Նարգիլեի ծխախոտի դեպքում նախատեսվում է առաջին տարում 40 տոկոս բարձրացում, ապա՝ 30-ական տոկոս հաջորդ տարիներին։
Բացի այդ, ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքը նախատեսվում է հարկել նոր ակցիզային դրույքաչափով՝ առաջին տարում 2,800 դրամ, իսկ հաջորդ երկու տարիներին՝ 30 տոկոս տարեկան աճով։
Միաժամանակ օրինագծով առաջարկվում է փոփոխություններ նաև ալկոհոլային արտադրանքի ոլորտում։ Մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով՝ նպատակ ունենալով խթանել արտադրությունը և մեղմել ինքնարժեքի բարձրացման ազդեցությունը։
Կոնյակագործության և խաղողագործության ոլորտի խթանման նպատակով առաջարկվում է նաև կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը սահմանել 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից։
Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները միաժամանակ ուղղված են հարկային համակարգի արդյունավետության բարձրացմանը, ոլորտների զարգացման խթանմանը և հարկային քաղաքականության ներդաշնակեցմանը տարածաշրջանային պահանջներին։
