Հայաստանում հազարավոր քաղաքացիներ տարիներ շարունակ ստիպված են եղել բախվել մի խնդրի, որը հաճախ իրենց մեղքով չէ առաջացել․ իրենց անունով հաշվառված, սակայն փաստացի գոյություն չունեցող կամ վաղուց օտարված ավտոմեքենաների համար շարունակել են կուտակվել գույքահարկի պարտավորություններ, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար նախատեսված վարչական պատասխանատվություն։
Այս խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է «խոտանված» համարել և պետական ռեգիստրի գործող հատվածից հանել այն տրանսպորտային միջոցները, որոնք երկար տարիներ որևէ կերպ չեն շահագործվել։ Այս մասին Obyekive.am-ը տեղեկանում է e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագծից։
Նախագծի համաձայն՝ խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնց համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո չի կնքվել ԱՊՊԱ պայմանագիր, չեն անցել տեխնիկական զննություն, չեն վճարել գույքահարկ, դրանցով իրավախախտումներ չեն արձանագրվել և պետական հաշվառման տվյալներում որևէ գործողություն չի կատարվել։
Գործող օրենսդրությամբ բոլոր հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են ունենալ գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Դրա բացակայության դեպքում քաղաքացիները ենթարկվում են վարչական պատասխանատվության, իսկ մեքենաների համար հաշվարկվում է նաև գույքահարկ։ Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են պարադոքսալ իրավիճակում՝ վճարելու պարտավորություն ունենալով այնպիսի մեքենաների համար, որոնք փաստացի գոյություն չունեն կամ վաղուց այլ անձանց տիրապետության տակ են։
Նախագծի ընդունման դեպքում նման տրանսպորտային միջոցների սեփականատերերը կազատվեն ինչպես ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորությունից, այնպես էլ գույքահարկի հետ կապված պարտավորություններից։
Կառավարությունում վստահ են, որ այս քայլը կօգնի մաքրել տարիներով կուտակված տվյալները, իսկ քաղաքացիներին՝ ազատել անհիմն ֆինանսական բեռից։
Եթե նախագիծն ընդունվի, հազարավոր քաղաքացիներ կարող են ազատվել փաստացի գոյություն չունեցող մեքենաների համար առաջացած հարկային և վարչական պարտավորություններից
