Հայաստանում կարող են կրկին օրինականացվել որոշ ինքնակամ շինություններ։ Օբյեկտիվ.am-ը ուսումնասիրել է հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է ինքնակամ կառույցների օրինականացման նոր հնարավորություն ստեղծել։
Կադաստրի կոմիտեի հեղինակած նախագծով նախատեսվում է բացառիկ դեպքերում օրինականացնել նաև այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետից հետո։ Ըստ հեղինակների՝ նախաձեռնությունը նպատակ ունի իրավական կարգավիճակ տալ այն կառույցներին, որոնք համապատասխանում են անվտանգության և քաղաքաշինական պահանջներին ու կարող են ներգրավվել տնտեսական շրջանառության մեջ։
Կարդացեք նաև
Որոնք կարող են օրինականացվել
Նախագծով նախատեսվում է հնարավորություն տալ հաշվառել և օրինականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփական հողամասերում կառուցված որոշ ինքնակամ շինություններ և կիսակառույցներ։
Սակայն դա չի լինի ավտոմատ․ յուրաքանչյուր դեպք կքննարկվի առանձին, և կառույցը պետք է համապատասխանի անվտանգության, քաղաքաշինական ու իրավական պահանջներին։
Ինչ պայմաններ պետք է կատարվեն
Օրինականացման համար անհրաժեշտ կլինի՝
- ստանալ մասնագիտական դրական եզրակացություն,
- անցնել իրավասու մարմինների նախնական գնահատումը,
- վճարել օրենքով նախատեսված տեղական տուրքը,
- ընդգրկվել կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա շինությունների ցանկում։
Նախատեսվում է, որ նման կառույցների հաշվառումն ու ցանկում ընդգրկումը հնարավոր կլինի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։
Ինչու է առաջարկվում փոփոխությունը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ կան դեպքեր, երբ ինքնակամ կառույցների քանդումը կարող է հանգեցնել տնտեսական և սոցիալական արժեքի կորստի։ Մինչդեռ դրանց օրինականացումը կարող է նպաստել գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, անշարժ գույքի շրջանառության ակտիվացմանը և բյուջետային եկամուտների ավելացմանը։
Կբարձրանան նաև վճարները
Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են առաջարկվում նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում։ Ինքնակամ շինությունների օրինականացման համար նախատեսվում է սահմանել առանձին տեղական տուրք, որը կլինի ավելի բարձր։
Ով է մշակել նախագիծը
Օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է Հայաստանի Կադաստրի կոմիտեի կողմից և այժմ գտնվում է հանրային քննարկման փուլում։
