Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ունի մեկ շաբաթ ժամանակ՝ իր երկրի տարածքից հեռացնելու կամ անջատելու այն սարքավորումները, որոնք, ըստ Կիևի, Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ հարձակումների ընթացքում։
«Ի՞նչ իմաստ ունի ասել, որ նա չի ցանկանում ներգրավվել պատերազմում։ Թող հեռացնի այդ սարքավորումները, թող անջատի դրանք։ Կարծում եմ՝ մեկ շաբաթը բավարար է դրա համար», – Կիևում կայացած մամուլի ասուլիսում ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Բելառուսի՝ Ուկրաինային սահմանակից երկու շրջաններում տեղակայված են ազդանշանների փոխանցման կայաններ, որոնք ռուսական ուժերին օգնում են հարձակումների ժամանակ ուղղորդել գործողությունները։ Reuters-ը նշում է, որ չի կարողացել անկախորեն հաստատել այս պնդումները։
Զելենսկին նաև զգուշացրել է, որ եթե Լուկաշենկոն չձեռնարկի համապատասխան քայլեր, ապա Ուկրաինան «ինքն է դա անելու», սակայն չի մանրամասնել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։
Վերջին ամիսներին Ուկրաինայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է Բելառուսին ավելի խոր ներգրավել պատերազմի մեջ։ Իր հերթին Լուկաշենկոն նախկինում հայտարարել էր, որ Մինսկը չի պատրաստվում ավելի ակտիվ ներգրավվել հակամարտությունում, սակայն Ռուսաստանի հետ միասին կպաշտպանի իրեն հնարավոր ագրեսիայի դեպքում։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
