Ընտրական նոր սահմանափակում․ քննարկվում է՝ ովքե՞ր չեն կարող մասնակցել քվեարկությանը

ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է նոր մոտեցում ընտրություններին մասնակցելու կարգում։

Ըստ նախագծի՝ համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններից առաջ վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս՝ 183 օր, բնակվել են Հայաստանում։

Հեղինակների հիմնավորմամբ՝ ընտրությունները պետք է արտահայտեն այն քաղաքացիների կամքը, որոնք իրականում գտնվում են երկրի քաղաքական որոշումների ազդեցության տակ։ Նրանց կարծիքով՝ քաղաքացիությունը միայն իրավական կապ չէ պետության հետ, այլ նաև մասնակցություն երկրի քաղաքական կյանքին։

Նշվում է, որ անհրաժեշտ է ապահովել այնպիսի ընտրական համակարգ, որտեղ մասնակցում են այն քաղաքացիները, որոնց համար Հայաստանը հանդիսանում է հիմնական կյանքի և շահերի կենտրոն, և ովքեր կրում են ընդունվող որոշումների հետևանքները։

Նախագծի հեղինակները կարծում են, որ այս փոփոխությունը կուժեղացնի ժողովրդաիշխանության բովանդակային կողմը և կբերի ավելի նպատակային մասնակցություն ընտրական գործընթացներին։