Կառավարությունը առաջարկում է վարորդական իրավունքից զրկված անձանց համար սահմանել իրավունքի վերականգնման նոր մոդել՝ նախատեսելով գործընթացի ավտոմատ և պարզեցված կարգավորում։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի նիստում և ստացել դրական եզրակացություն։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն՝ վարորդական իրավունքից զրկված անձինք այն վերականգնում են միայն տեսական և գործնական քննությունները կրկին հանձնելու միջոցով, մինչդեռ միջազգային փորձը նախատեսում է ավելի ճկուն մեխանիզմներ։
Նախագծով առաջարկվում է, որ վարորդական իրավունքից զրկվելու դեպքում սահմանված ժամկետը լրանալուց հետո (սովորաբար՝ մեկ տարի, իսկ որոշ դեպքերում՝ երկու տարի) անձը հնարավորություն ունենա այն վերականգնել 50 հազար դրամ պետական տուրքի վճարման դեպքում՝ ավտոմատ եղանակով։
Վերականգնման դեպքում նախատեսվում է նաև բալային սահմանափակ համակարգ․ առաջին տարվա ընթացքում վարորդին կտրամադրվի 6 բալ։ Եթե այդ ընթացքում վարորդը չի խախտում կանոնները և չի սպառում բալերը, հաջորդ տարվանից նա կստանա արդեն 13 բալ՝ ընդհանուր գործող համակարգի համաձայն։
Նախարարի ներկայացմամբ՝ այս մեխանիզմի նպատակն է ապահովել, որ վարորդը վերանայի իր վարքագիծը և աստիճանաբար վերադառնա լիարժեք երթևեկության համակարգ։
Օրենսդրական նախաձեռնությամբ նաև նախատեսվում է անցումային կարգավորում, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք հնարավորություն կունենան մեկ անգամ վերականգնել այն՝ նույն պայմաններով՝ 50 հազար դրամ պետական տուրքի վճարմամբ և 6 բալանոց փորձաշրջանով։
Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների մանրամասները։ Նախարարը նաև առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով։
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
