Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացման մասին․ «Ստիպված կլինենք ընդունել այդ որոշումը»

Կառավարության ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանի անդամակցության շուրջ հնչող հայտարարությունները։


Լրագրողի հարցին, թե ՀԱՊԿ-ից արձագանքներ են հնչում Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման վերաբերյալ, և արդյոք այդ միտումը կարող է հանգեցնել Հայաստանի հեռացմանը կազմակերպությունից, վարչապետը պատասխանել է, որ նման մեխանիզմ գոյություն ունի։


«ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Ուրիշ բան անելու չունենք»,- ասել է Փաշինյանը։


Վարչապետի հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ վերջին շրջանում Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում շարունակվում են լարվածությունն ու փոխադարձ քննադատությունները։ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության մի շարք գործընթացների, իսկ պաշտոնական մակարդակով բազմիցս դժգոհություն է հայտնել ՀԱՊԿ-ի գործունեությունից։