Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և 6 միլիոն դրամի փոխհատուցում։
Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգից հայտնի է դարձել, որ հայցը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել հունիսի 10-ին և մակագրվել դատավոր Անուշավան Մուշեղյանին։
Հայցի համաձայն՝ վարչապետը պահանջում է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 25-ին իր հասցեին հնչեցրած այն տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանը Կանադայում տուն ունի։
Հայցվոր կողմը պնդում է, որ այդ տեղեկությունը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։
Հայցով առաջարկվող հերքման տեքստում նշվում է, որ Սամվել Կարապետյանը պետք է հայտարարի, թե իր կողմից տարածված տեղեկությունը զրպարտող է, կեղծ և իրականությանը չհամապատասխանող։
Փաշինյանը նաև պահանջում է, որ հերքումը հրապարակվի առնվազն 200 հազար բաժանորդ ունեցող երեք լրատվամիջոցների յութուբյան ալիքներով՝ ուղիղ եթերի կամ տեսաձայնագրված ձևաչափով։ Եթե դա հնարավոր չլինի, ապա հերքումը պետք է հրապարակվի «Ուժեղ Հայաստան / Strong Armenia» յութուբյան ալիքի միջոցով։
Բացի հերքումից, վարչապետը դատարանից պահանջում է Սամվել Կարապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Այս պահին դատական համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն գործը վարույթ ընդունելու վերաբերյալ, իսկ դատական նիստ դեռ չի նշանակվել։
