Դավթաշենում «Մերսեդեսի» հայելիների ապակիներ գողացած և շորթմամբ զբաղված 28-ամյա երիտասարդը կալանավորվել է

Մայիսի 29-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի 4-րդ թաղամասում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են կողային հայելիների ապակիները։

Տուժածի հաղորդման համաձայն՝ անհայտ անձը ոչ միայն տարել էր հայելիների ապակիները, այլև դեպքի վայրում թողել էր Telegram-ի հղում, ինչը ենթադրություն էր առաջացրել, որ գողությունը կատարվել է հետագա շորթման նպատակով։

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գողության և շորթման հատկանիշներով։ Իրավապահների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործի ինքնությունը։ Նա 28-ամյա երիտասարդ է՝ Երևանի Վերֆելի փողոցի բնակիչ։

Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից հետո նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Դատարանի որոշմամբ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։