Հանրային հեռուստաընկերության և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի միջև ծագած տարաձայնությունները նոր զարգացում են ստացել։ Թովմասյանը հրապարակային գրառմամբ հակադարձել է Հանրայինի պարզաբանմանը՝ պնդելով, որ ներկայացված տեղեկությունները չեն արտացոլում իրադարձությունների ամբողջ պատկերը։
Հաղորդավարը հայտարարել է, որ Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն անձամբ իրեն տեղեկացրել է, որ Առաջին ալիքի հաղորդավարի համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ անընդունելի է։
Ավելին, նա նշել է, որ ունի հաղորդագրություն, որը, իր պնդմամբ, Հանրայինի PR բաժնի ղեկավարի կողմից ուղարկվել է հաղորդավարներին և վերաբերում է հենց այդ սահմանափակումներին։
«Երբ այսօր փորձում են ներկայացնել, թե նման խնդիր չի եղել, դա առնվազն տարակուսելի է», – նշել է Լուսինե Թովմասյանը։

Հաղորդավարուհին նաև հերքել է պայմանագրային պարտավորությունների խախտման մասին շրջանառվող պնդումները՝ ընդգծելով, որ երբևէ չի խախտել որևէ պայմանագրային դրույթ, իսկ սոցիալական ցանցերում իր գործունեության վերաբերյալ որևէ սահմանափակում պայմանագրում նախատեսված չի եղել։
«Արդյո՞ք ստացվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը կարող է օգտագործվել ղեկավարի անձնական հարաբերություններն ու խնդիրները կարգավորելու գործիք», – հարցադրում է արել հաղորդավարը։
Լուսինեն նաև նշել է, որ վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ և ոլորտի ներկայացուցիչներ բարձրաձայնում են նույն մտահոգությունը՝ պահանջելով ներկայացնել փաստերը, ոչ թե դրանցից տարբերվող մեկնաբանությունները։
Հանրային հեռուստաընկերությունը մինչ այս հերքել է նման պնդումները։ Թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։
