ԿԳՄՍՆ-ն փոխում է մարզերում ուսուցիչների թափուր տեղերի համալրման կարգը

«Օբյեկտիվ.am-ը e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագծերից ուսումնասիրել է ԿԳՄՍ նախարարության հերթական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխել մարզերի պետական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թափուր տեղերի համալրման կարգը»։

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում՝ ուսուցիչների թափուր տեղերի համալրման կարգը համապատասխանեցնելով «Հանրակրթության մասին» օրենքի գործող պահանջներին։

Ներկայումս գործող կարգով, եթե մարզերի պետական ուսումնական հաստատությունում առկա է նախարարության կողմից գործուղված մասնագետ, ապա ուսուցչի թափուր տեղը լրացնելու համար մրցույթ պետք է հայտարարվի առնվազն երկու անգամ՝ մինչև հաղթողի ընտրությունը։ Սակայն այս դրույթը հակասում է օրենքի գործող կարգավորմանը, որի համաձայն՝ թափուր տեղը կարող է համալրվել նախարարության կողմից գործուղված մասնագետով, եթե առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում այն չի համալրվել։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կարգը և վերացնել օրենսդրության մեջ առկա իրավական հակասությունը։

Նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Դրա ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր և չի առաջացնում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։