ԿԸՀ․ 555 տեղամասի արդյունքների վերահաշվարկի դիմում է ներկայացվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին։

ԿԸՀ-ի տվյալներով՝ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից (ԸԸՀ) 21-ը քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։

Մնացած 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց ու թեկնածուների կողմից։

Ներկայացվել են ընդհանուր առմամբ 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ժամը 12:00-ին հրավիրված նիստերում կամփոփեն ստացված դիմումները, որից հետո ԿԸՀ պաշտոնական կայքում կհրապարակվի տեղեկատվություն այն տեղամասերի վերաբերյալ, որոնց քվեարկության արդյունքները ենթակա են վերահաշվարկի։

ԿԸՀ-ն հիշեցնում է, որ վերահաշվարկի գործընթացն իրականացվում է ԸԸՀ-ների նստավայրերում՝ ուղիղ հեռարձակմամբ։ Նիստերը բաց են դրանց մասնակցելու իրավունք ունեցող անձանց համար՝ հավատարմագրված լրատվամիջոցների և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների լիազոր ներկայացուցիչների, վստահված անձանց, թեկնածուների և լիազորների համար՝ համապատասխան վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։

Միաժամանակ նշվում է, որ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել։