Կառավարությունը կփոխհատուցի ծիրան, կեռաս, գինի և բրենդի արտահանողներին

Հունիս ամսվա ընթացքում ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, կեռաս, հանքային ջուր, գինի և բրենդի արտահանող տնտեսվարողները պետական փոխհատուցում կստանան։ Համապատասխան նախագիծը ներկայացվել է կառավարության հունիսի 11-ի նիստում։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է խթանել հայկական արտադրանքի արտահանումը և նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։
Նախագծով նախատեսվում է փոխհատուցել՝


ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 200 դրամ,


սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 250 դրամ,


կեռասի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 400 դրամ,


շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 դրամ,


շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ,


հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 դրամ։


Փոխհատուցում ստանալու համար տնտեսվարողները պետք է արտահանումն իրականացնելուց հետո դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ մաքսային կամ տարանցման հայտարարագրերի պատճենները և հաշիվ-ապրանքագիրը։
Խոջոյանը նշեց, որ ծրագիրը տարածվում է նաև հունիսի 1-ից հետո արդեն իրականացված արտահանումների վրա։

Նրա խոսքով՝ այս ընթացքում արդեն արտահանվել է շուրջ 257 հազար կիլոգրամ կեռաս և 64,9 հազար կիլոգրամ ծիրան, և այդ արտահանումներն իրականացրած ընկերությունները նույնպես կարող են օգտվել ծրագրից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հանձնարարել է վերահսկել իրավիճակը, որպեսզի նախատեսված փոխհատուցումները չհանգեցնեն ներքին շուկայում չհիմնավորված գնաճի։