ԿԸՀ նախագահ․ Երկու նախագահ և մեկ քարտուղար ձերբակալվել են ընտրական գործընթացի ընթացքում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյան-ը հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի երկու նախագահ և մեկ քարտուղար ձերբակալվել են քրեաիրավական գործընթացների շրջանակում։
Նրա խոսքով՝ բոլոր ընտրատեղամասերը առավոտյան ժամը 07։00-ից սկսել են աշխատանքը, իսկ ժամը 08։00-ից ընդունում են ընտրողներին։ Այդ պահին 2005 տեղամասերից 48-ում արձանագրվել է հանձնաժողովի անդամների բացակայություն։
Ընդհանուր առմամբ բացակայել է 50 անձ, որոնց թվում են նաև նշված երեք պաշտոնյաները՝ երկու նախագահ և մեկ քարտուղար։ Հովակիմյանի փոխանցմամբ՝ նրանց չներկայանալու պատճառը կապված է ընթացող քրեաիրավական գործընթացների հետ։
ԿԸՀ նախագահը նշել է, որ Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս շարունակել ընտրական գործընթացը նույնիսկ որոշ անդամների բացակայության դեպքում, իսկ անհրաժեշտության դեպքում ընտրատարածքային հանձնաժողովների նախագահները կարող են նոր անդամներ նշանակել։
Նրա խոսքով՝ տեղամասերում առաջացած տեխնիկական խնդիրները արագ կարգավորվել են, և քվեարկությունը հիմնականում ընթանում է բնականոն հունով։
Անդրադառնալով քվեարկության գաղտնիությանը՝ Հովակիմյանը շեշտել է, որ արգելված է քվեաթերթիկի լուսանկարումը կամ որևէ ձևով գաղտնիության խախտումը։ Նրա խոսքով՝ քվեարկությունը պետք է իրականացվի առանց լրացուցիչ նշումների կամ գրիչի օգտագործման, քանի որ ցանկացած նշում կարող է քվեաթերթիկը դարձնել անվավեր։
Նա հավելել է, որ քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն՝ ընդգծելով, որ համակարգը ապահովում է գործընթացի վերահսկման բացառումը։