2025 թվականից Հայաստանը պաշտոնապես ստացել է Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու իրավունք։ Այդ նպատակով ոլորտի տնտեսավարողները պետք է գրանցված լինեն Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական TRACES համակարգում։
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) սահմանվում է որպես TRACES համակարգում գրանցման լիազոր մարմին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի խոսքով՝ տնտեսավարողները դիմում են ներկայացնելու ՍԱՏՄ-ին, որը կիրականացնի համապատասխան ստուգում և դրական եզրակացության դեպքում հայտը կուղարկի Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը։ Նշվում է, որ այս գործընթացի նկատմամբ չեն կիրառվելու ստուգումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումները։
Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները կնպաստեն արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, արտահանման ծավալների աճին և արտադրությունների արդիականացմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։
