ՃՏՊ Գեղաշենի սարերում․ կա զոհ

Կոտայքի մարզում՝ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում, հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով կա զոհ։
Ժամը 17։16-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և գլորվել ձորակը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ։
Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը, սար բարձրանալիս կորցնելով կառավարումը, մոտ 30 մետր գլորվել է ձորակը։ Վերջինս տեղում մահացել է։
Փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և այն տեղափոխել՝ մոտեցնելով շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի հանգամանքները պարզվում են։