Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության նպատակով կներդրվի էլեկտրոնային հսկողության համակարգ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հերթական նիստում։
Ծրագրի շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների համար նախատեսվում է ձեռք բերել 120 էլեկտրոնային հսկողության միջոցների՝ թևնոցների հավաքածու և անհրաժեշտ ծրագրային համակարգ։ Այդ նպատակով Կառավարությունը կհատկացնի 304,7 մլն դրամ։
Նոր համակարգը հնարավորություն կտա ոստիկանությանը GPS տեղորոշման միջոցով առցանց հետևել ընտանեկան բռնության դեպքերով սահմանված սահմանափակումների պահպանմանը, անմիջապես տեղեկանալ խախտումների մասին և օպերատիվ արձագանքել դրանց։
Կառավարության գնահատմամբ՝ նախաձեռնությունը կբարձրացնի քաղաքացիների անվտանգությունը, կուժեղացնի ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմները և կօգնի առավել արդյունավետ վերահսկել բռնություն գործադրած անձանց վարքագիծը։
Միաժամանակ, էլեկտրոնային հսկողության համակարգը կստեղծի լրացուցիչ պաշտպանական երաշխիքներ բռնության ենթարկված կամ նման վտանգի առաջ կանգնած անձանց համար՝ ապահովելով նրանց անվտանգ կեցության պայմանները։
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և իրավապահ մարմինների արագ արձագանքման հնարավորությունների ընդլայնմանը։
