Չորս տարի անց նոր հանգամանքներ են բացահայտվել 2022 թվականի հունվարին Երևանում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ դեպքը ոչ թե ինքնասպանություն է եղել, ինչպես սկզբում էր ներկայացվում, այլ՝ նախնական համաձայնությամբ կատարված սպանություն։
Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկում մահացած Ի.Ա.-ն ինքնակամ չի նետվել պատուհանից։ Ըստ քննչական մարմնի՝ նա սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների՝ Ե.Մ.-ի և Ա.Թ.-ի կողմից։ Այս մասին Օբյեկտիվ.am տեղեկանում է ՔԿ-ից։
ՔԿ-ի տվյալներով՝ վիճաբանության ընթացքում տուժողին նախ պատճառվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, որից հետո նրան նետել են բնակարանի խոհանոցի պատուհանից՝ այդ կերպ զրկելով կյանքից։
Հավաքված ապացույցների հիման վրա 2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ նախկին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում սպանություն կատարելու մեղադրանքով։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Նշենք, որ մեղադրվողները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը չի հաստատվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
2022-ին ինքնասպանություն համարված դեպքը պարզվել է սպանություն. ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
