Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արթուր Օսիպյանի պահման պայմաններին և առողջական վիճակին։
Նախարարի խոսքով՝ Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և ինքը ամեն օր օպերատիվ տեղեկություններ է ստանում նրա վիճակի վերաբերյալ։ Գալյանը հայտնել է, որ վերջինիս այցելել է նաև արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչը։
«Նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն փաստերի վերաբերյալ, որոնք, իր գնահատմամբ, կարող են ունենալ հանցավոր բնույթ։ Մենք ապահովել ենք նաև կապը իրավասու մարմինների, մասնավորապես՝ քննչական մարմինների հետ»,– նշել է նախարարը։
Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ Արթուր Օսիպյանի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլ հայտարարելու իրավունքը, ապահովվում են պատշաճ կերպով։ Նրա խոսքով՝ Օսիպյանին տրամադրվում են զբոսանքի հնարավորություն, տեսակցություններ հարազատների հետ և օրենքով նախատեսված մյուս պայմանները։
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակին՝ նախարարը նշել է, որ թեև պայմանները դեռևս իդեալական չեն, պետությունը շարունակաբար աշխատում է դրանց բարելավման ուղղությամբ։
«Որևէ միտում չպետք է փնտրել կոնկրետ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի հարցում։ Դա չի կարող լինել»,– ընդգծել է Սրբուհի Գալյանը։
